Այսուհետ Pinterest-ում կոնտենտի հեղինակները կարող են վերահսկել իրենց բովանդակության օգտագործման ուղղությունները, ինչպես նաև պահանջել իրենց նկարների հեղինակային իրավունքը Pinterest-ում և որոշել, թե ինչպես են դրանք օգտագործվելու ամբողջ ցանցում:
Այս նորույթը կոնտենտի սեփականատերերին հնարավորություն է տալու հեռացնել իրենց բովանդակության առկա տարբերակները և կանխել ապագա տարբերակների օգտագործումը Pinterest-ում:
Հաճախ տարբեր կոնտենտներ ներբեռնվում և վերահրապարակվում են. այս հարցը Pinterest–ը պատրաստվում է լուծել՝ հեռացնելով կրկնվող կոնտենտը և արգելով դրա հետագա տարածումը:
Pinterest-ի օգտատերերը պետք է տեղյակ լինեն այս թարմացման մասին, նույնիսկ եթե նրանք հեղինակային իրավունքի սեփականատեր չեն, քանի որ կարող են կորցնել որոշ հրապարակումներ, որոնք վերցրել են այլ մարդկանցից:
Ի՞նչ է պետք անել
Pinterest-ում հեղինակային իրավունք ձեռք բերելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան դիմումը, որը նրանց խնդրում է տրամադրել բովանդակության սեփականության ապացույց: Ստեղծողները կարող են գրել իրենց աշխատանքի մանրամասն նկարագրությունը և ներառել այնքան տեղեկատվություն, որքան ցանկանան:
Դիմումը հայցում է անձնական կոնտակտային տվյալներ և հղումներ դեպի աղբյուրներ, որտեղ հնարավոր է ստուգել բովանդակության հեղինակային իրավունքը:
Ինչպե՞ս է գործելու
Եթե դիմումը հաստատվի, ստեղծողները երեք տարբերակ կունենան Pinterest-ում իրենց կոնտենտը տարածելու համար
Միայն իմը – Pinterest-ից հանել պատկերների առկա և ապագա տարբերակները, բացառությամբ ստեղծողի կողմից նախապես պահված նմուշների:
Միայն վեբ կայք – Հեռացրեք պատկերների առկա և ապագա տարբերակները Pinterest-ից, բացառությամբ այն օրինակների, որոնք հղում են ստեղծողի կողմից նշված վեբ կայքերին (այս տարբերակը հասանելի կլինի միայն այն դեպքում, երբ ստեղծողը նշել է որևէ կայք):
Արգելափակել բոլորը – Հեռացնել այս պատկերների բոլոր առկա և ապագա տարբերակները Pinterest-ից:
Ցանցում կոնտենտի համար հեղինակային իրավունք ստանալուց հետո սեփականատերերը կկարողանան պահանջել հեղինակային իրավունք լրացուցիչ կոնտենտի համար՝ առանց ամեն անգամ դիմում ներկայացնելու:
Չկա որևէ սահմանափակում, թե որքան կոնտենտ կարող է պահանջել ստեղծողը, բայց պորտալում հնարավոր է միանգամից վերբեռնել մինչև 50 աշխատանք: Այս փոփոխությունը դեռ տարածվում է միայն նկարների վրա, սակայն հետագա ընդլայնման միտում ունի:
Pinterest-ն այս պահին ընդունում է սահմանափակ քանակությամբ դիմումներ հեղինակային իրավունքի հաստատման համար, չնայած ապագայում մուտքն ընդլայնելու ծրագրեր կան: Թե ում հայտն է ընդունվում, որոշվում է դիմումում ներկայացված տեղեկատվության հիման վրա: Եթե դիմումը մերժվի, հեղինակները կկարողանան 30 օրվա ընթացքում կրկին դիմել:
Հայցերը կարող են վիճարկվել այն դեպքում, երբ երկու կամ ավելի ստեղծողներ պահանջում են նույն պատկերի հեղինակային իրավունքը, այս դեպքում Pinterest-ը կպահանջի ապացույց դատարանի որոշման տեսքով: