machine-learning-amazon

Amazon-ը հնարավորություն է տալիս բոլոր ցանկացողներին անվճար մուտք ունենալ մեքենայական ուսուցման անվճար դասընթացներին։ Այս մասին հայտնել է Amazon Web Services-ի՝ արհեստական ինտելեկտի փորձագետ Մետ Վուդը։

Ծրագրում ընդգրկված են ավելի քան 30 տարբեր դասընթացներ, որոնց ընդհանուր տևողությունը կազմում է 45 ժամ։ Ծրագիրը առաջին հերթին նախատեսված է ծրագրավորողների, Data Science-ի մասնագետների և տվյալ ոլորտի այլ մասնագետների համար։

Բոլոր դասընթացները անվճար են, դրանք կարելի է գտնել AWS կայքում՝ անգլերեն լեզվով։

Բոլոր այն մարդիկ, ովքեր դասընթացը կանցնեն, հնարավորություն կունենան քննություն հանձնել ու ստանալ սերտիֆիկատ AWS-ի կողմից (AWS Certified Machine Learning – Specialty)։

MachineLearning-Amazon

Քննության արժեքը կկազմի $300, բայց նախնական փուլում Amazon-ը առաջարկում է սերտիֆիկացիան անցնել 50% զեղչով՝ $150-ով։

Հիշեցնենք, որ մեքենայական ուսուցումը հանդիսանում է համակարգչային գիտությունների և արհեստական ինտելեկտի ենթաբաժին։ Այն ուսումնասիրում է ինքնուրույն ուսուցանվող համակարգերի մոդելներն ու դրանց կառուցման և ուսուցման համար նախատեսված ալգորիթմները։

Մեքենայական ուսուցումը հնարավորություն է տալիս մեքենային/ռոբոտին փորձնական տվյալների հիման վրա սովորել այն, ինչը ծրագրավորած չի եղել։

Մեքենայական ուսուցումը հիմնականում կապված է վիճակագրության և օպտիմիզացիայի հետ:

Մեքենայական ուսուցումը օգտագործվում է այնպիսի բնագավառներում, որտեղ բացահայտ ծրագրավորված ալգորիթմները իմաստ չունեն։ Օրինակ՝ Spam նամակների զտում, պատկերների ճանաչում և այլն։